Հայաստանում 5 հազար ընկերություն ունի էլեկտրոնային ստորագրություն


 Ներկայումս Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից: Նման տվյալներ հրապարակվեց ՀՀ կառավարության նիստի շրջանակներում: Նշենք, որ Հայաստանում մեկ Էլ. ստորագրության արժեքը կազմում է 15 000 ՀՀ դրամ և այն «տրամադրում է» միայն Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ ԲԲԸ):

Վերջինս, ինչպես պարզ դարձավ կառավարության նիստի ժամանակ, ունի ֆինանսական խնդիրներ, ինչի կապակցությամբ այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 25 մլն դրամով մեծացնել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը` այս կառույցի կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։
Նշենք, որ Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (ԷԿԵՆԳ ԲԲԸ) հիմնադրվել է 2009 թվականին` ՀՀ Կառավարության կողմից: Համաձայն ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի (հաստատված ՀՀ կառավարության կողմից), ԷԿԵՆԳ-ը պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության նախագծերի իրականացման համար: ԷԿԵՆԳ-ը հանդիսանում է միակ լիազորված ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է թվային ստորագրություններ` իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ընկերության կարևորագույն նախագծերից մեկը էլեկտրոնային նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրումն է, որի նպատակն է ապահովել քաղաքացիներին նույնականացումը և ինքնությունը հաստատող միջոցներով:
Էլեկտրոնային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:


Комментариев нет: